Զրույց Փաշայի հետ կամ ”Մեր անունն է հայկական բանակ”

”Կիրակիները” տարօրինակ են, կարծես ափերիդ մեջ մեկը դանդաղ ու լուռ մահանա, ժպտալով աչքերիդ մեջ քեզ հայտնի որ դու ես հաջորդը: Թաղման ու ծննդյան տարօրինակ մի շաղկապ ու եթե նկատել եք ”կիրակիների” ամեն ինչը տարօրինակ է, կիրակնյաին արևը այն արևը չէ որ շողում է նաև հինգշաբթի օրը, ձյունը, քամին, հարևաններդ, հայելիդ, ամեն ինչ, անգամ հեռուստացույցդ դառնում են կիրակնային: Ասում են աստված կիրակի օրը թիկն է տվել թախտին ու հանգստացել…մի խոսքով անաստված օր է:                                                                                                                                  
Էս ”անաստված” օրը, անաստված բաներ են մտքիդ գալիս բնականաբար, ”անաստվածորեն” միացնում ես հեռուստացույցը ու մեկ էլ ինչ՞…
”Հայ քաջե՜ր, հայ քաջե՜ր, ժամն է մեր օրհասական: Արաբոյի շիրմով երթվինք, պիտ ազատինք Հայաստաաաաա՜ն”:
Հա՜, բանակի օրն ա էսօր, պարզ ա լավ…
Հետաքրքիր ա էդ ինչ մոլուցք ա մարդկությանը պատել, վերցնում են ինչ-որ երևույթ, խտացնում նրա ամբողջ բաղադրությունը մի օրվա մեջ ու նետվում գովերգության կատաղի գրոհի, մինչև բաղձալի օրգազմը… Լավ դե ես էլ նախիրի մի մասնիկն եմ, Մահատմա Գանդին չեմ, չեմ դավաճանի հայրենական ”սուրբ մատուռի” ներքո կնքված լուռ կոնվենցիաները, մի 50 գրամ ”կիրակնային” չեխական աբսինթով կարելի ա շնորհավորել բանակին, ”կիրակնային” լյարդս էլ անմասն չի մնա տոնակատարությունից:
-”ԿԼՏ՜”- Ըհն ”կիրակնային” ֆեյսբուքն էլ ա ակտիվ, տեսնես հիմա ինչ են բոյկոտում, հիմա ով ա իրան հացադուլի սյունին գամել ու ինքնախարազանվում՞:
-”Ախպեր նայի հլը էս բոզի տղեքը ինչ են արել” (Յութուբյան հղումն էլ ստորև)
-”Հեսա նայեմ ապե…կստատե բանակի տոնը շնորհավոր լինի:”
-”Նայի հետո կշնորհավորես…”
-”Ուրեմն զանգեցին ամսի 27ն էր, ասին «Ժորայի պապան դուք եք.», ասի «հա ես եմ», բա թե ձեր երեխեն հոգեբուժարան պարգած է, էգեք…”
Կիրակնյաին հեռուստացույցը այլայլվեց, բայց մի պահ անց սթափվելով շարունակեց.«Երազ իմ երկիր, հայրենիիիիի՜ք»:
-”Հիմա ես դիմել եմ Եվրոդատարան, եթե ընթացք չտա էս գործին, ուրեմն ես կանցնիմ իմ գործին, որին բռնիմ գքեռթեմ, ես ըդիկ պդի էնեմ…հորս գերեզմանով գերթվիմ, իմ էրեխիս թանգ գերեզմանով գերթվիմ, որին բռնեմ պդի քերթիմ”:
Հեռուստացույցը ցնցվեց, ավելի այլանդակ սկսեց գոռալ. «Մեր սրերը միշտ ամուր են, սուր են, ու թող իմանան բոլորը մեր անունն է հայկական բանաաաաա՜կ»: Հեռուստացույցիս գույները դանդաղ կարմրում էին, շիկնել էր…ամոթից, զայրույթից կամ էլ հաճույքից…հարամում էի նրա բաղձալի ”կիրակնային” օրգազմը: Քաղաքավարիությունս թույլ չտվեց խանգարել տոնակատարությունը, անջատեցի, թողնելով գենեռալներին ու գուսաններին վայլելու իրենց պատարագը:
”Ես 3 միլլիոն դրամ…հեն է ցուցակը քովս է, մինակ 3 միլլիոն դրամ բժշկական ծախսերն եմ հոգացել, ես ոնց գնամ հասնեմ Ղարաբաղ դատավարությանը…խնդրեցի որ տեղափոխեն Երևան դատավարությունը, բայց ինչ՞…”
Խմածս 50 գրամը կուլ չէր գնում, կոկորդումս էր կանգնել, ուզում եմ հետ տամ, հետ տամ ամբողջ կյանքիս խմածը, երգածն ու պարածը ուզում եմ հետ տամ:                 Ժամացույցի սլաքը բարձրացրեց ձայնը, հետո սկսեց գոռալ, էնպես որ արդեն խլացել էր զինվորի հոր ձայնը: Սլաքի շաչյունը քունքիս էր խփում, ականջներումս դեռ թույլ արձագանքում էր «մեր անունն է հայկական բանա՜կը»…
”Մինակ էն գիտեմ, որ իրանց էրեխեքին առոք փառոք ազատել, ազատել, տարե դրել են իրանց կողքերը, իմ ջահելիս էլ ես հողին հանձնե…”

-”Լոլո՜յ լոլոյ՜, հայ լոլոյ՜… լավ էր զորավար:”                                                                                – -”Չոլո ձայնդ կորել է, խլացել է մի տեսակ…”
-Էս ինչ եք անում՞…
-Երգում ենք տղաս…
-Ինչ սրտով եք երգում՞…
-Ոնց թե՞…լաո չճանաչեցիր՞…
-Ճանաչեցի Շապինանդ, բայց ախր զինվոր են սպանել…
-Ով է սպանել՞:
-Մենք ենք սպանել:
-Բա ինձնից ինչ ես ուզում՞
-Դե ամեն զինվորի մահից հետո, երգում ենք ”Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա”
-Նախ էդպիսի հիմար բաներ ինչու եք երգում լաո՞, դուք հո սադիստ չեք՞…
-Դե ազգային ձայնադարան է…
-Էլ տենց ապուշ բաներ չերգեք… Լաո մի էնտեղ նայի, Արծիվ Պետոն է, էն քարին նստածը Շենիկցի Չոլոն է, նոր ինքն էր երգում, այ էնտեղ Մորուք Կարոն է, Սպաղանցի Մակարն ու Ախոն, էն դեզի վրա պառկածը Սևքարեցի Սաքոն է, կողքին Զուլումադն է, էն էլ Մախլուտոն ու Գայլ Վահանը: Էս 20 – 25 հոգով Օսմանցու բանակը ջարդել ենք, գիտես ինչի՞:
-Դե երևի զրահատեխնիկան ձեր ուժեղ էր…
-Լաո, ախմախ բաներ ես խոսում…Էս տղերքը արժեքների համար էին կռվում, հավասարություն, եղբայրություն, արդարություն, ընկերություն, պատիվ, տուն, հող… Երկու կործանիչ ինքնաթիռով ու վեց զրահատեխնիկայով, գերբով ու դրոշով բանակը բանակ չի դառնում   լաո…                                                                                                                                                 -Բայց մենք տարածաշրջանում…
-Ասում եմ արժեքներ՜, դու ասում ես տարածաշրջան, արժեքները հարաբերություն չեն ճանաչում, նրանք կամ կան, կամ չկան, եթե կան ուրեմն շնորհավոր ձեր բանակի տոնը, եթե չկան ուրեմն դուք բանակ չեք, դուք պարզապես ”զինված ուժեր եք”, իսկ զինված ուժը առանց արժեքի վտանգավոր է , թե խրամատում պառկած ընկերոջդ, թե հայրենիքիդ և անգամ յուր անձիդ համար… Իսկ հիմա հեռացիր, խանգարում ես մեր երգը… Չոլո սկսի՜:

This entry was posted in Քաղաքական, Գաղափարախոսական, Գրական and tagged . Bookmark the permalink.

Leave a comment