Ինչու հենց Մոնթե՞ն

Երեկ Մոնթեի ծննդյան օրն էր: Մանկան աչքերով զորավարի, գիտնական ռեբելի, օրինապաշտ ըմբոստի, Ավոյի 55 ամյակն էր: Տուն մտնելուն պես միացրեցի հեռուստացույցը, ակնկալելով, որ երևի մեր ինվեսթիգաթիվ, դինամիկ ու կոմպեթենթ հեռուստալրագրողները հաղորդումներ պատրաստած կլինեն նրա մասին ու այս անգամ կլինեն ոչ միայն ”գռդոն” արած դոկումենտացիաներ , ”Ութմազյանական” պաթետիկ պատմող ձայնով, այլ կլինեն քննարկումներ, talk-show-ներ, կխոսի ասենք Ալեքը, Սեդան, կհյուրընկալվեն էն տղերքը, ովքեր խրամատում են եղել Ավոյի հետ, մի գուցե նաև նկարահանած լինեն նոր դոկումենտալ ֆիլմ:

Միացրեցի Շանթը՝ Անժելա Սարգսյանի մասին էին պատմում, ”вот суки а” մրթմրթացի ես ու փոխեցի ալիքը: Արմենիա՝ ինչ որ անկապ գյադա ստուդիայի մեջ վազվզում էր էս կողմ, էն կողմ ու փորձում էր դա անել ”1 րոպեյվա” ընթացքում: Կենտրոն՝ Ծառուկյանն էր, բարեգործության թունդ պահին, ”Oh mon dieu” մտածեցի ես … մի խոսքով՝ էդպես շարունակ, դա չի որ պիտի պատմեմ ձեզ, ցնցող անակնկալ չէր դա ինձ համար, հաշվի առնելով մեր հոգին տված հեռուստատեսային որակը, սա ընդհամենը որպես նախաբան:

Հեռուստացույցն անջատեցի, կպցրեցի սիգարետս ու ակամայից հիշեցի Մոնթեի սենյակը… Նվաստիս բախտ է վիճակվել մանուկ հասակում լինել բազում անգամներ  Մոնթեի ու Սեդայի տանը, մանկական զգայարաններս չգիտես ինչու շատ հստակ դաջել էին հիշողությանս մեջ հենց Մոնթեի աշխատասենյակը (կարծեմ անգամ սենյակ չէր, այլ մի փոքր անկյուն): Հիշեցի նրա գրասեղանը, պատից կախված մի գորգ՝ գունեղ նաղշերով, կողկին կախված էր մի սուր պատյանի մեջ ու պահարանում գրքեր… շատ գրքեր: Ավելի ուշ, ավելի հասուն տարիիքում, երբ Մոնթեն արդեն չկար, Սեդան ապրում էր Բարեկամությունում, ”Հայաստան” հանրախանութին կից շենքերից մեկում ու էդտեղ բախտ եմ ունեցել ծանոթանալու անգամ նրա գրադարանի հետ: Կոմիտաս, Մեծարենց, Հեմինգուեյ, Արևմտյան Հայաստանի աշխարհագրություն, շարականներ: Հիշում եմ լավ, որ իմ մանկական ընկալումը, հմայված էր այդ վիզուալ պատկերով, սուրը, գորգն ու գրքերը:

Սա էլ որպես Ouverture… հիմա անցնեմ կուլմինացիային:                                                         Հենց էս նոստալգիկ խոհերի ընթացքում էր, որ մտաբերեցի նաև միուս մեր ընկած տղերքին: Հիմա ես թվեմ և դու ընթերցող ինքդ կհասկանաս որն է լինելու կուլմինացիայի հանգուցալուծումը: Մտաբերեցի Լեոնիդին Ազգալդյան, հետո Մովսես Գեորգիսյանին, Գեղազնիկին Միքայելյան (Չաուշին), ապա Ասկոլկային, Պետոյին հիշեցի Պռոշյանցի ու նաև նրա հայտնի ինքնաթիռի ոչնչացումը, Դուշման Վարդանին, Աղվան Մինասյանին բանաստեղծ, Հեթանոս Գագոյին, Թաթուլին, Սիմոնին ու Կարոտին…հիմա այն հարցը, որը պիտի կայծ տա ամենքիս մթգնած գանգուղեղին: Որն է այն ընդհանուր հայտարարը, որ ժողվում է բոլոր էս տղերքին մի տեղ՞:                                Այո, նրանք բոլորն էլ, բացի բանիմաց ու տաղանդավոր զինվորներ ու հրամանատարներ լինելուց, նաև մտավորական ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆԵՐ ԷԻՆ: Ու արդյոք դա տարօրինակ չէ, որ գրեթե բոլոր գաղափարախոս տղերքը ընկան մարտում, իսկ գաղափարազուրկ կռվողները ապրեցին ու ծաղկեցին, ստանալով ֆեոդալի կարգավիճակ: Որտեղ կլինեին այսօր Մոնթեն, Լեոնիդն ու Թաթուլը եթե կենդանի մնային՞, կարծում եմ ՀՀԿ ական չէին լինի հաստատ: Հիմա ինչ՞, պիտի կոչվի դավադրության տեսություն, եթե իմ միամիտ խելքով կարծեմ, որ ասենք ԿԳԲ ն Կրեմլի Մովսեսին խփեց՞, կամ Լեոնիդին Ազգալդյան: Թող համարվի դավադրության տեսություն, համաձա՛ն եմ: Քանզի այն որ դավադրություն եղել է, գրեթե վստահ եմ, մնում է պարզվի տեսությունը…

Ծնունդդ Շնորհավոր Մոնթե ջան ու մեզ ներեք, որ դեռևս ձեզ արժանի հետնորդներ չենք:

This entry was posted in Քաղաքական, Գաղափարախոսական and tagged . Bookmark the permalink.

3 Responses to Ինչու հենց Մոնթե՞ն

  1. BlogNews says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Նարեկ Մուսինյան says:

    Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը: Կարդում եմ ու փշաքաղվում եմ: Իսկ վերջին տողը ես կրկնում եմ ամեն Եռաբլուր այցելելիս:

  3. Taxonomie says:

    …shat apres!

Leave a comment